Լարվածության գլխացավը սովորաբար թույլ կամ միջին ուժգնության ցավ է, որը հաճախ նկարագրվում է, որպես գլխի շուրջը ձիգ փաթաթած գոտի։ Լարվածության գլխացավը ամենահաճախ հանդիպող գլխացավի տեսակն է, սակայն դրա պատճառները դեռևս վերջնական հայտնի չեն։ Այն շատ հաճախ կապում են ֆիզիկակն կամ էմոցիոնալ մեծ լարվածության, անառողջ կենսակերպի կամ ծանր սթրեսի հետ։
Լարվածության գլխացավը բուժելի է։ Բուժման պրոցեսը շատ հաճախ իրենից առողջ ապրելակերպի, ճիշտ ընտրված ոչ դեղորայքային և դեղորայքային բուժումների համադրություն է ներկայացնում։ Կարևոր է պացիենտի և բժշկի փոխադարձ համագործակցությունը, խնդիրը լիարժեք լուծելու նպատակով։
Լարվածության գլխացավի ժամանակ կարող եք ունենալ հետևյալ ախտանշանները.
Բութ, գլուխը պարուրող ցավ
Լարվածության և ձգվածության զգացողություն ճակատի, քուների կամ ծոծրակի շրջանում
Գլխի, պարանոցի և ուսերի մկանների լարվածություն
Լարվածության գլխացավը դասակարգվում է 2 հիմնական ենթատեսակների՝ էպիզոդիկ և քրոնիկ։
Էպիզոդիկ լարվածության գլխացավը կարող է տևել 30 րոպեից մինչև 1 շաբաթ։ Ցավերը ամսական 15 օր և ավելի քիչ են, առնվազն 3 ամիս անընդմեջ։ Հաճախակի ցավերով էպիզոդիկ լարվածության գլխացավը կարող է վեր ածվել քրոնիկի։
Այս տիպի լարվածության գլխացավերը կարող են տևել ժամերից մինչև ամիսներ։ Եթե Ձեր գլխացավերը վերջին 3 ամսում ամսական 15 օր և ավելի են, ապա խոսքը գնում է քրոնիկ լարվածության գլխացավի մասին։
Երբեմն դժվար է տարբերակել լարվածության գլխացավը միգրենից։ Բացի այդ, եթե դուք ունեք, օրինակ, հաճախակի էպիզոդիկ լարվածության գլխացավ, դուք կարող եք նաև միգրեն ունեալ։
Ի տարբերություն միգրենի, լարվածության գլխացավերը հիմնականում չեն ուղեկցվում տեսողական երևույթներով, սրտխառնոցով կամ փսխումով։ Ֆիզիկական ակտիվությունը սովորաբար ուժեղացնում է միգրենի գլխացավը, սակայն չի ուժեղացնում լարվածության գլխացավը։ Գերզգայունությունը լույսի և ձայների նկատմամբ կարող են լինել լարվածության գլխացավերի ժամանակ, սակայն բնորոշ չեն դրանց։
Դիմեք բժշկի եթե լարվածության գլխացավը անհանգստացում է ձեզ, ազդում է կյանքի որակի և աշխատունակության վրա, կամ եթե կարիք է լինում շաբաթական 2 և ավելի անգամ ցավազրկողներ կիրառել։
Եթե Ձեզ ախտորոշել են լարվածության գլխացավ, և դուք հսկողության տակ եք, սակայն գլխացավի բնույթը կտրուկ փոխվել է և այևս նման չէ Ձեր սովորական գրոհներին, ապա հարկավոր է դիմել մասնագետի, հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով։
Անհապաղ դիմեք ձեր բժշկին կամ շտապ օգնություն, եթե Դուք զգում եք հետևյալ ախտանշաններից և նշաններից որևէ մեկը։ Դրանք կարող են ավելի լուրջ հիվանդության հետևանք լինել։
Ամպրոպի հարվածի նման կտրուկ գլխացավ
Գլխացավ, որը ուղեկցվում է ջերմությամբ, պարանոցի մկանների կարկամությամբ, շփոթվածությամբ, ցնցումներով, երկտեսությամբ, մարմնի որևէ հատվածի թուլությամբ և թմրածությամբ
Գլխացավ գլխի վնասվածքից հետո
Քրոնիկ գլխացավ, որը սաստկանում է հազից, մարզվելուց, ճիգ գործադրելուց կամ կտրուկ շարժումներից
50 տարեկանից հետո առաջին անգամ սկսված նոր գլխացավ