Աուրան բնորոշվում է որպես ֆոկալ նյարդաբանական ախտանշաններ, որոնք նախորդում կամ երբեմն ուղեկցում են միգրենի գլխացավին։ Դրանք սովորաբար շատ ավելի կարճ է տևում քան գլխացավը (5-60 րոպե)։ Երբեմն մի քանի տարբեր աուրայի ախտանշանները կարող են հաջորդել միմյանց և այս դեպքում յուրաքանչյուրը կարող է տևել մինչև 60 րոպե։
Ավելի հաճախ աուրան սկսվում է մինչև գլխացավի սկիզբը և ավարտվում է գլխացավի հետ։ Երբեմն այն սկսում է մինչև գլխացավը և ավարտվում է գլխացավի վաղ շրջանում։ Ավելի հազվադեպ աուրան կարող է սկսվել գլխացավի հետ կամ գլխացավի ընթացքում և ավարտվել որոշակի ժամանակ անց։
Տարբերում են տիպիկ և ատիպիկ աուրաներ։ Ամենահաճախ հանդիպող աուրայի տեսակը տիպիկ տեսողական աուրան է։ Երկրորդ տեղում են գտնվում զգացողական աուրաները, և եռյակը սահմանափակում են խոսքի խանգարումով ուղեկցվող աուրաները։
Յուրաքանչյուր տեսակի աուրայի մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հոդվածում
Ինչպես արդեն նշեցինք տեսողական աուրան ամենահաճախ հանդիպող աուրայի տեսակն է։ Այն հանդիպում է աուրայով միգրենով պացիենտների գրեթե 90% մոտ։ Աուրայի այս տեսակը ուղեկցվում է ցավից անմիջապես առաջ կամ ցավի վաղ փուլերում որոշակի տեսողական ֆենոմենների առաջացմամբ՝ ինչպիսիք են փայլեր, կայծեր, զիգզագներ, կույր բծեր կամ տեսադաշտի սահամանափակում, մշուշոտ տեսողություն և այլ։ Այս ախտանշանները սովորաբար միակողմանի են, ժամանակի ընթացքում տեղաշարժվում են տարածության մեջ և հիմնականում յուրաքանչյուր անգամ նույն ձևով են ընթանում։ Կարևոր է նշել, որ աուրայով միգրենի պարագայում ոչ միշտ է, որ բոլոր միգրենի նոպաները ընթանում են աուրայով։
Տեսողական աուրան կարող է լինել պարզ և բարդ։ Առաջին դեպքում դա մեկ տեսակի տեսողական ֆենոմեն է, իսկ երկրորդի պարագայում մի քանի տեսակի ֆենոմեններ կարող են զուգահեռ կամ հաջորդաբար ընթանալ։ 2024թ. հրապարակված հետազոտության մեջ հեղինակները նկարագրել և պատկերել են գոյություն ունեցող բոլոր տեսողական պարզ աուրաները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։
Կարևոր է իմանալ, որ տեսողական աուրային հաճախակի հաջորդում է զգացողական աուրան, որին էլ երբեմն կարող է հաջորդել խոսքի խանգարումով ուղեկցվող աուրան։ Հակառակ հաջորդականությունը նույնպես հնարավոր է, սակայն խիստ հազվադեպ։ Նման դեպքերում աուրայի ընդհանուր տևողությունը կարող է բավականին երկար լինել։
Զգացողական աուրան ընթանում է մարմնի տարբեր հատվածներում (դեմք, ձեռքեր, ոտքեր, իրան) թմրածությամբ և/կամ տարօրինակ զգացողություններով։ Այս զգացողությունները սովորաբար սկսում եմ մարմնի մի մասում և «հոսալով» տեղաշարժվում են որևէ կոնկրետ ուղղությամբ (օրինակ դեմքից դեպի ոտքեր)։ Զգացողությունները սովորաբար միակողմանի են, և չեն տեղափոխվում դեպի հակառակ կողմ։
Զգացողական աուրային կարող է նախորդել տեսողական աուրան։
Աուրայի նման տեսակը դրսևորվում է հիմնականում խոսքի խանգարման աֆազիայի տիպով, չնայած երբեմն դժվար է լինում հասկանալ թե խոսքի ինչպիսի խանգարում է իրականում լինում։ Պացիենտը զգում է ճիշտ բառեր գտնելու, արտաբերելու, բարդ նախադասություններ կազմելու դժվարություն և խոսքը դառնում է կցկտուր, կամ խոսքը լինում է բավական սահուն և քերականորեն ճիշտ կազմված սակայն անիմաստ և սխալ բառերի համադրությամբ։
Միգրենի բավականին հազվադեպ հանդիպող տեսակ է, երբ պացիենտը ունենում է տիպիկ աուրայի էպիզոդներ, որոնց չեն հաջորդում գլխացավերը։ Սովորաբար շատ դժվար է ճիշտ ախտորոշում իրականացնելը, հատկապես երբ պացիենտը երբեք չի ունենում գլխացավեր։ Հարկավոր է տարբերակել մի շարք այլ նյարդաբանական և հոգեբուժական հիվանդություններից։
Այս տեսակի աուրան ուղեկցվում է այնպիսի նշաններով, որոնք պացիենտին կարող են գլխուղեղի կաթված հիշեցնել։ Այդպիսի նշաններ կարող են լինել խոսքի խանգարում (դիսարթրիա), գլխապտույտ, աղմուկ ականջում, լսողության իջեցում, երկտեսություն, շարժումների կոորդինացիայի խանգարում, գիտակցության ընկճում։ Կարևոր է փաստել որ այս ախտանշանները լիարժեք դարձելի են, այսինքն աուրայի տևողության ավարտին ախտանշանները վերանում են։
Բժշկի համար շատ կարևոր է ճիշտ հասկանալ ախտանշանները և չխառնել դիսարթրիան աֆազիայի հետ (երկուսն էլ խոսքի խանգարման տեսակներ են), իրական գլխապտույտը տարբերակել գլխում մշուշի զգացողությունից, ականջի լցվածության զգացողությունը չդիտարկել որպես լսողական գանգատ, երկտեսությունը չշփոթել լղոզված/մշուշոտ տեսողության հետ և այլն։ Գանգատները ճիշտ վերծանումը կնպաստի ճիշտ ախտորոշմանը ինչ էլ իր հերթին՝ բուժմա ճիշտ տակտիկային։
Աուրաներից ամենավախենալունն է, քանի որ ուղեկցվում է մի կողմի վերջույթների թուլությամբ, թմրածությամբ, դեմքի թեքումով և խոսքի խանգարումով։ Պատկերը լիարժեք նմանակում է գլխուղեղի կաթվածին և գրեթե միշտ անհետաձգելի կարգով հիվանդանոց դիմելու կարիք է առաջանում։ Գանգատները լիարժեք վերանում են որոշ ժամանակ անց։ Կարող է ավելի երկար տևել քան աուրայի այլ տեսակները։ Անկախ նոպաների հաճախությունից (էպիզոդիկ թե քրոնիկ), նման տեսակի աուրայով միգրենը կանխարգելիչ բուժման կարիք ունի։ Պատճառները մի քանիսն են.
Յուրաքանչյուր նոպայի ժամանակ կարիք է լինում անհետաձգելի դիմել հիվանդանոց և իրականացնել գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն, որպեսզի համոզված լինենք որ գլխուղեղի կաթված չէ
․Ընդունված է համարել, որ չնայած նրան որ գանգատները լիարժեք վերանում են, յուրաքանչյուր գրոհ որոշակի անդարձելի կառուցվածքային փոփոխություն է թողնում գլխուղեղում, և տարիների ընթացքում դրանց կուտակում նպաստում է գլխուղեղի կոպիտ վնասման։
Ըստ մի շարք հետազոտություններ տվյալների աուրայի այս տեսակը մեծապես ասոցիացված է գլխուղեղի կաթվածի հետ։
Հեմիպլեգիկ միգրենը լինում է ընտանեկան և սպորադիկ (ընտանիքում առաջին և միակ դեպքը)։ Ընդունված է համարել որ ընտանեկան հեմիպլեգիկ միգրենը ավելի ագրեսիվ ընթացք է ունենում, և ավելի հաճախ է նպաստում գլխուղեղի վնասման։
Ռետինալ (ցանցաթաղանթային) աուրան ուղեկցվում է մեկ աչքում տեսողության աղավաղմամբ։ Դա կարող է լինել գույնի փոփոխություն, պատկերների աղավաղում, մշուշոտ տեսողություն և այլն։ Շատ կարևոր է տարբերակել տեսողական աուրայից, որի դեպքում տեսողական երևույթները լինում են երկու աչքերում, տեսադաշտի մեկ կողմում։ Ռետինալ աուրայի ժամանակ տեսողական երևույթները լինում են միայն մեկ աչքում և գրավում են ամբողջ տեսադաշտը։ Պրոցեսի մեջ չընդգրկված աչքում տեսողությունը նորմալ է և ախտահարված աչքը փակելիս գանգատները վերանում են։