Չարաշահման գլխացավը, որը հայտնի է նաև անդրադարձող գլխացավ անունով, առաջանում է այլ գլխացավերի, օրինակ միգրենի, բուժման նպատակով ցավազրկողների երկարատև և հաճախակի օգտագործման արդյունքում։ Ցավազրկողները սովորաբար լավ աշխատում են եզակի գլխացավերի դեպքում, սակայն եթե Դուք օգտագործում եք այս դեղերը շաբաթը մի քանի անգամ, ապա կարող է հարուցվել նոր տեսակի գլխացավ, պայմանավորված հենց ցավազրկողների կիրառումով։
Չարաշահման գլխացավերը սովորաբար վերանում են ցավազրկողների կիրառումը դադարեցնելուց հետո։ Վաղ շրջանում շատ դժվար է հրաժարվել դեղորայքից, քանի որ մշտական գլխացավերը ստիպում են կրկին ու կրկին անգամ օգտագործել դեղեր։ Հարկավոր է դիմել մասնագետի, ճիշտ դեղորայքային ռազմավարություն ընտրելու նպատակով։
Եթե Դուք տառապում եք միգրենով կամ այլ քրոնիկ գլխացավերով, ապա ցանկացած դեղը որը կիրառում եք ցավազրկման նպատակով, անկախ դեղորայքային խմբից, կարող է առաջացնել չարաշահման գլխացավ։ Այնուամենայնիվ այս երևույթը չի դիտվում այն անձանց մոտ, ովքեր երբեք գլխացավեր չեն ունեցել։ Եթե դուք չունեք քրոնիկական գլխացավեր, սակայն ստիպված եք հաճախակի օգտագործել ցավազրկողներ այլ նպատակով (օր.՝ հոդացավերի համար), չարաշահման գլխացավեր հազիվ թե ձեռք բերեք։ Սակայն հարկավոր է հիշել դեղերի մյուս կողմնակի ազդեցությունների մասին և խուսափել դրանց անհիմն և առանց հսկողության կիրառումից։
Չարաշահման գլխացավերի ախտանշանները կարող են շատ տարբեր լինել։ Դրաք պայմանավորված են ինչպես նախնական հիվանդությամբ, այնպես էլ ընդունվող դեղորայքի տեսկից։ Սովորաբար չարաշահման գլխացավերին բնորոշ են.
Ցավերը լինում են ամեն օր, կամ գրեթե ամեն օր։ Հաճախ դրանք արթնացնում են վաղ առավոտյան։
Ցավերը մեղմանում են ցավազրկողների կիրառումից, սակայն երբ դեղի ազդեցությունը վերջանում է, ցավերը կրկին վերադառնում են։
Բացի ցավերից, կարող են նաև լինել.
Սրտխառնոց
Անհանգստություն
Կենտրոնանալու դժվարություն
Հիշողության խնդիրներ
Դյուրագրգիռություն
Մասնագետները դեռևս չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչի է առաջանում չարաշահման գլխացավերը։ Դրանց առաջացման ռիսկը տարբերվում է կախված հիվանդությունից, ընդունվող դեղորայքից և անձնական առանձնահատկություններից։ Ցավազրկող դեղերի մեծամասնությունը պարունակում են չարաշահման գլխացավեր առաջացնելու ռիսկը։ Այդպիսի դեղերի շարքին են պատկանում.
Հասարակ ցավազրկողներ - Հաճախակի կիրառվող ցավազրկողները, ինչպիսիք են՝ ասպիրինը, պարացետամոլ, կարող են բերել չարաշահման գլխացավերի առաջացման։ Ռիսկը ավելի մեծանում է, եթե Դուք օգտագործում եք օրական ցանկալի դեղաչափից ավելի շատ։ Այլ ցավազրկողները, ինչպիսիք են՝ իբուպրոֆենը կամ նապրոքսենը, ավելի հազվադեպ են չարաշահման գլխացավեր առաջացնում։
Կոմբինացված ցավազրկողներ - Որոշ ցավազրկող պրեպարատներ կոմբինացված են լինում կոֆեինի կամ տարբեր տագնապամարիչ / հանգստացվող դեղանյութերի հետ։ Այս կոմբինացված ցավազրկողները ավելի արդյունավետ են ցավազրկման առումով, սակայն չարաշահման գլխացավ ունենալու ռիսկը նույնպես ավելի բարձր է։
Միգրեն-սպեցիֆիկ դեղեր - Միգրեն-սպեցիֆիկ ցավազրկողները նույնպես կարող են առաջացնել չարաշահման գլխացավեր։ Տրիպտանները և էրգոտամինը չարաշահման գլխացավեր առաջացնելու միջին ռիսկ են պարունակում։ Դիհիդրոէրգոտամինի պարագայում այս ռիսկը ավելի ցածր է, սակայն այս պրեպարատը հասանելի չէ Հայասանում։ Վերջին սերնդի դեղանյութերից գեպանտները չեն առաջացնում չարաշահման գլխացավեր, ինչը թույլ է տալիս այս դեղերը օգտագործել ոչ միայն ցավազրկման այլ նաև պրոֆիլակտիկ նպատակներով։ Ցավոք այս պրեպարատները նույնպես հասանելի չեն Հայաստանում։
Օպիոիդներ - Ցավազրկողները, որոնք պարունակում են բնական կամ սինթետիկ օպիոիդներ (նարկոտիկ ցավազրկողներ), չարաշահման գլխացավեր առաջացնելու շատ բարձր ռիսկ են պարունակում։ Դա ներառում է տրամադոլի և կոդեինի համադրությամբ ցվազրկողները նույնպես։ Բարեբախտաբար, դրանք Հայաստանում ազատ վաճառքի համար հասանելի չեն։
Կոֆեինի չարաշահումը նույնպես կարող է չարաշահման գլխացավերի պատճառ դառնալ։ Կոֆեին կարող է պարունակվել սուրճի, թեյի, հյութերի, էներգետիկ խմիչքների կամ այլ սննդամթերքների մեջ։ Կարիքի դեպքում հարկավոր է ուշադիր կարդալ պիտակի պարունակությունը, որպեսզի խուսափեք կոֆեինի լրացուցիչ չափաբաժիններից։
Չարաշահման գլխացավերը կանխարգելելու նպատակով հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնների:
Օգտագործեք ցավազրկող դեղորայքը համաձայն բժշկի նշանակումների
Դիմեք մասնագետի, եթե շաբաթական առնվազն 2 անգամ ցավազրկողների կարիք է լինում
Խուսափեք կոմբինացված ցավազրկողների կիրառումից, եթե դրանք խիստ անհրաժեշտ չեն
Սովրական ցավազրկողներ օգտագործեք ամիսը 15 օրից ոչ ավելի
Տրիպտանների և կոմբինացված ցավազրկողների կիրառումը սահամանփակել ամիսը 9 օրից պակաս։
Կենսակերպի փոփոխությունները նույնպես կարող են նպաստել չարաշահման գլխացավերի բուժմանը կամ կանխանգելմանը։
Խուսափեք գլխացավ հարուցող գործոններից
Բավարար քանակությամբ գիշերային քուն ապահովեք
Բաց մի թողեք հերթական սսնդի ընդունումը
Օրվա ընդացքում բավարար քանակությամբ ջուր օգտագործեք
Պարբերաբար զբաղվեք մարմնամարզությամբ, շաբաթական առնվազն 3 օր
Աշխատեք իջեցնել սթրեսի մակարդակը
Կանոնավորեք մարմնի քաշը
Թողեք ծխելը
Եզակի գլխացավերը շատ հաճախ են հանդիպում մարդնանց մոտ և սովորաբար բժշկական միջամտության կարիք չեն ունենում։ Այուամենայնիվ, հարկավոր է դիմել մասնագետի եթե․
Դուք շաբաթական 2 և ավելի անգամ գլխացավ եք ունենում
Դուք ավելի հաճախ եք գլխացավերից բողոքում քան ձեր շրջապատի անձինք
Դուք հաճախակի եք օգտագործում ցավազրկողներ
Ցավազրկողների սովորական դեղաչափերը Ձեզ չեն օգնում, և ավելի բարձր դեղաչափերի կարիք եք ունենում
Ձեր սովորական գլխացավերի բնույթը փոխվել է կամ նոր տեսակի գլխացավ է ի հայտ եկել
Ձեր գլխացավերը խիստ ազդում են ձեր աշխատունակության, ամենօրյա ակտիվության և կյանքի որակի վրա
Անհետաձգելի կարգով դիմեք ձեր ընտանեկան բժշկին կամ շտապ օգնություն եթե․
Ձեր մոտ առաջացել է շատ կտրուկ և ուժեղ, ոչ սովորական գլխացավ
Գլխացավը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, պարանոցի մկանների կարկամությամբ, շփոթվածությամբ, ցնցումներով, երկտեսությամբ, մարմնի որևէ հատվածի թուլությամբ կամ թմրածությամբ, խոսքի խանգարումով
Գլխացավերը առաջացել են գլխի վնասվածքից հետո
Չնայած լիարժեք հանգստի և ընդունած ցավազրկողներին, գլխացավը շարունակում է կայուն կերպով ուժեղանալ
Ձեզ մոտ ի հայտ է եկել նոր տեսակի կայուն գլխացավ, հատկապես եթե Ձեր տարիքը 50 տարեկանից բարձր է
Գլացավերի հետ ի հատ է եկել սաստիկ շնչարգելություն
Ցվերը սկսվում են երբ դուք ուղղահայց դիրքում եք, և արագ վերանում են երբ պառկում եք։