Կլաստերային (փնջային) գլխացավերը, որոնք կրում են ցիկլիկ բնույթ, ամենաուժեղ ցավերով ուղեկցվող գլխացավերից մեկն է։ Կլաստերային գլխացավի գրոհը սովորաբար արթնացնում է գիշերը աչքի մեջ կամ շուրջը տեղակայված միակողմանի սաստիկ ցավով։
Հաճախակի գրոհներով ընթացքը (կլաստերի շրջան) կարող է տևել շաբաթներ և ամիսներ, որից հետո սովորաբար սկսվում է ռեմիսիայի շրջանը, երբ գլխացավերը դադարում են։ Ռեմիսիսյաի փուլում Դուք կարող եք գլխացավեր չունենալ մի քանի ամիս կամ նույնիսկ տարի։
Բարեբախտաբար, կլաստերային գլխացավը հազվադեպ է հանդիպում, և կյանքի համար վտանգավոր չէ։ Բուժումը կարող է օգնել նվազեցնել կլաստերային գլխացավերի տևողությունը և ինտենսիվությունը։ Բացի այդ, դեղորայքը կարող է օգնել նվազեցնել գլխացավերի քանակը կամ, նույնիսկ, արագ ռեմիսիայի բերել։
Կլաստերային գլխացավը սովորաբար սկսվում է շատ արագ, առանց նախազգուշացնող նշանների։ Երբեմն ցավից առաջ կարող են լինել միգրենանման սրտխառնոց և աուրա։ Գրոհի ժամանակ հաճախակի հանդիպող նշաններից են.
Տանջող ցավ, որը տեղակայված է աչքի մեջ, ետևում կամ շուրջը, և կարող է ճառագայթել դեպի դեմքի, գլխի և պարանոցի այլ հատվածներ
Միակողմանի ցավ
Անհանգստություն և գրգռվածություն
Արտահայտված արցունքահոսություն
Ցավի կողմում աչքի կարմրածություն
Ցավի կողմում քթի փակվածություն և/կամ քթահոսություն
Ցավի կողմում ճակատի և դեմքի առատ քրտնարտադրություն
Դմեքի գույնի փոփոխություն (գունատ կամ հակառակը կարմարած)
Ցավի կողմում այտուց աչքի շուրջը
Ցավի կողմում վերին կոպի կախվածություն
Կլաստերային գլխացավի գրոհի ժամանակ, ի տարբերություն միգրենի, դուք ավեի հաճախ անհանգիստ նստում եք կամ անդադար քայլում եք։ Որոշ միգրենանման ախտանշաներ, ինչպիսիք են լույսի և ձայների նկատմամբ գերզգայունությունը, կլաստերային գլխացավի ժամանակ նույնպես կարող են հանդիպել, սակայն սովորաբար միակողմանի բնույթ են կրում։
Կլաստերի շրջանը սովորաբար տևում եմ մի քանի շաբաթից մի քանի ամիս։ Սկիզբը և տևողությունը շատ հաճախ հաստատուն են և չեն փոխվում ժամանակի ընթացքում։ Օրինակ՝ կլաստերի շրջանը կարող է կրել սեզոնային բնույթ, կրկնվել ամեն աշնանը կամ գարնանը։
Ավելի հաճախ հանդիպում է էպիզոդիկ կլաստերային գլխացավի տեսակը։ Այս դեպքում կլաստերի շրջանը տևում է 1 շաբաթից մինչև 1 տարի, որից հետո սկսվում է առնվազն 3 ամիս տևողությամբ ռեմիսիայի (ախտադադարի) շարջան։
Քրոնիկ կլաստերային գլխացավի դեպքում կլաստերի շրջանը տևում է 1 տարուց ավելի, իսկ անցավ ռեմիսիայի շրջանները տևում են 3 ամսից ավելի կարճ։
Կլաստերի շրջանի ժամանակ.
Գլխացավերը սովորաբար կրկնվում են ամեն օր, երբեմն օրը մի քանի անգամ
Յուրաքանչյուր գլխացավի գրոհ կարող է տևել 15 րոպեից մինչև երեք ժամ
Գրոհները սովորաբար լինում են օրվա նույն ժամերին
Գրոհների մեծ մասը սովորաբար լինում են գիշերը՝ քնելուց 1-2 ժամ հետո
Գլխացավի գրոհը սովորաբար ընդհատվում է նույնքան արագ և կտրուկ, որքան արագ և կտրուկ սկսվում է։ Գրոհից հետո, պացիենտները մեծամասամբ ցավ չեն զգում, սակայն խիստ հյուծված են լինում։
Դիմեք մասնագետի, եթե Ձեզ մոտ առաջին անգամ սկսվել են կլաստերային գլխացավի ախտանշաններ, որպեսզի բացառվեն այլ հիվանդությունները և ընտրվի լավագույն բուժումը Ձեզ համար։
Կլաստերային գլխացավի գրոհները սովորաբար շատ կտրուկ և ուժեղ են, սակայն անվտանգ են։ Այնուամենայնիվ, նմանատիպ սաստիկ և կտրուկ գլխացավեր կարող են զարգանալ նաև այլ խնդիրների, օրինակ ներգանգային ուռուցքների կամ արյունազեղումների ժամանակ։
Եթե Ձեզ ախտորոշել են կլաստերային գլխացավ, և դուք հսկողության տակ եք, սակայն գլխացավի բնույթը կտրուկ փոխվել է և այևս նման չէ Ձեր սովորական գրոհներին, ապա հարկավոր է դիմել մասնագետի, հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով։
Անհապաղ դիմեք ձեր բժշկին կամ շտապ օգնություն, եթե Դուք զգում եք հետևյալ ախտանշաններից և նշաններից որևէ մեկը։ Դրանք կարող են ավելի լուրջ հիվանդության հետևանք լինել։
Ամպրոպի հարվածի նման կտրուկ գլխացավ
Գլխացավ, որը ուղեկցվում է ջերմությամբ, պարանոցի մկանների կարկամությամբ, շփոթվածությամբ, ցնցումներով, երկտեսությամբ, մարմնի որևէ հատվածի թուլությամբ և թմրածությամբ
Գլխացավ գլխի վնասվածքից հետո
Քրոնիկ գլխացավ, որը սաստկանում է հազից, մարզվելուց, ճիգ գործադրելուց կամ կտրուկ շարժումներից
50 տարեկանից հետո առաջին անգամ սկսված նոր գլխացավ
Կլաստերային գլխավաերի հստակ պատճառը անհայտ է, սակայն, հաշվի առնելով գլխացավերի ցիկլիկ և պարբերական բնույթը, ենթադրվում է, որ մեր օրգանիզմի կենսաբանակն ժամացույցի (հիպոթալամուսի) ֆունկցիայի խանգարումը կարևոր դեր ունի այս պրոցեսում։ Ի տարբերություն միգրենի կամ լարվածության գլխացավերի, կլաստերային գլխացավերը չեն հարուցվում որևէ գործոնով, ինչպիսիք են սնունդը, սթրեսը, հորմոնալ շեղումները։ Այնուամենայնիվ, երբ կլաստերի շրջանը սկսվել է, ալկոհոլի օգտագործումը շատ արագ կարող է գլխացավ հարուցել։ Այդ իսկ պատճառով Դուք պետք է խուսափեք ալկոհոլի օգտագործումից կլաստերի շրջանում։ Գլխացավի գրոհին նպաստող այլ գործոններից կարելի է նշել որոշ դեղեր, օրինակ՝ նիտրոգլիցերին կամ այլ սրտային պրեպարատներ։
Կլաստերային գլխացավի ռիսկի գործոնները ընդգրկում են.
Սեռ։ Կլաստերային գլխացավը առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ
Տարիք։ Չնայած, որ կլաստերային գլխացավը կարող է սկսվել ցանկացած տարիքում, սովորաբար այն սկսվում է 20-50 տարեկան հասակում
Ծխախոտ։ Կլաստերային գլխացավերով տառապող անձանց ճնշող մեծամասնությունը քրոնիկ ծխողներ են, սակայն դադարեցումը դրական չի ազդում հիվանդության ընթացքի վրա։
Ալկոհոլ։ Եթե դուք տառապում եք կլաստերային գլխացավերով, ապա կլստերի շրջանում ալկոհոլի օգտագործումը կարող է նպաստել գլխացավի գրոհին։
Ընտանեկան պատմություն։ Եթե Ձեր ծնողներից, քույր/եղբայրներից որևէ մեկը տառապում է կլաստերային գլխացավով, բարձր է հավանականությունը, որ դուք նույնպես կբախվեք այս խնդրին։